Այս տարի, ինչպես վերջին 10 տարիներին, Հայաստանը նշեց Թանգարանների միջազգային օրը: Այս տարին հատուկ էր նրանով, որ անցկացվող միջոցառումներին միացան նաև Հայաստանի տարբեր մարզերի 100 թանգարաններ, որոնցից 39-ը` Երևանից: Թանգարանների մուտքը ազատ էր բոլոր այցելուների համար երեկոյան ժամը 18:00-ից մինչև 24:00-ն: Վերցրի ֆոտոխցիկս և այցելեցի մի քանի թանգարաններ այդ մեկ օրվա ընթացքում:
Առաջինն այցելեցի Գաֆէսճեան արվեստի կենտրոն (Թումանյան 10, Երևան, 0009, Հայաստան), որը տեղակայված է Երևանի կենտրոնում: Շատ երեխաներ խաղում ու երգում էին թանգարանի այգում, իսկ մարդկանց մի մեծ խումբ սպասում էր, որ ներս մտնի թանգարանի սրահներ: Ամենամեծ հերթն առաջին հարկի ապակյա քանդակների սրահի առջև էր, որտեղ ներկայացված էին Դեյլ Չիհուլիի, Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավ Բրիխտովայի աշխատանքները: Թանգարանը լի էր մարդկանցով, ովքեր տենչում էին տեսնել ժամանակակից արվեստի գործերը:
Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Այցելելուների հերթ
Դեյլ Չիհուլիի ապակյա աշխատանքները
Թանգարանի աստիճանները, իսկ ձախ կողմում աբստրակտ արվեստի գործեր
Փայտյա և այլ ստեղծարար աթոռներ
Թռչունների, խեցգետնու ապայկա արձանիկներ
Այնուհետև այցելեցի մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարան (Զարոբյան 3, Երևան, 0009, Հայաստան): Այս թանգարանում ավելի քիչ այցելուներ կային: 5-7 այցելուների համար թանգարանի աշխատողը պատմում էր Խաչատրյանի սիրո պատմությունը: Իսկ երկրորդ հարկում այցելուների մի մեծ խմբի սովորեցնում էին հայկական պարեր, ինչպես նաև վալս: Սա ևս կազմակերպված էր «Թանգարանների գիշեր» միջոցառումների շրջանակներում:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի մուտքը
Արամ Խաչատրյանի դիմանկարը և դաշնամուրը
Հայկական պարերի ուսուցանում
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Անմիջապես մոտակայքում տեղակայված է հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը (Զարոբյան 20, Երևան, 0009, Հայաստան): Նրա գեղեցիկ, փոքր տունը և պարտեզը շատ ջերմ մթնոլորտ են ստեղծում: Մինչ հաջորդ թանգարան մեկնելս մի փոքր նստեցի վարդերով լի այգում հանգստանալու: Սկսեցի պատկերացնել, թե քանի-քանի անվանի մարդիկ են այստեղ զրույցի բռնվել Իսահակյանի հետ մի գավաթ սուրճի կամ թեյի շուրջ:
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի մուտքը
Պատշգամբ տանող նստասենյակ
Ավետիք Իսահակյանի կիսանդրին տան բակում
Ավետիք Իսահակյանի աշխատասենյակը
Չէի կարող չայցելել իմ մանկության տարիների ամենասիրած թանգարանը, ուր հաճախ էի այցելում քույրիկիս և պապիկիս հետ, այն է`հայ գրող, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը (Մոսկովյան 40, Երևան, 0001, Հայաստան): Նրա թանգարանը ներսից նման է հեքիաթային մի տնակի, որտեղ կան տարբեր մանր-մունր իրեր, փոքր ձեռագործ քանդակներ և տիկնիկներ իր իսկ պատմվածքների հերոսներով: Ամեն անգամ այս թանգարանն այցելելիս թվում է, թե մանկություն եմ վերադառնում: Ինձ համար սա երջանկության թանգարան է:
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
Հովհաննես Թումանյանի նստասենյակը
Հատակագիծ Հովհաննես Թումանյանի պատմվածքների կերպարներից
Հատակագիծ Հովհաննես Թումանյանի պատմվածքների կերպարներից
Այցելուները թանգարանում
Հովհաննես Թումանյանի կիսանդրին
Եվ վերջում հասցրի այցելել նաև Ժամանակակից արվեստի թանգարան (Մաշտոցի 7, Երևան, 0002, Հայաստան), որտեղ կարելի է տեսնել հայ և արտասահմանյան ժամանակակից արվեստագետների աշխատանքները:
Ժամանակակից արվեստի թանգարանի առջև
Ժամանակակից արվեստի թանգարանի այցելուները
Արվեստի գործ ժամանակակից արվեստի
Ժամանակակից արվեստի թանգարանի այցելուները
Կնոջ արձանը ժմանակակից արվեստի թանգարանում
Մի շարք հրաշալի թանգարաններ, ինչպիսին են Հայաստանի ազգային պատկերասրահը, Պատմության թանգարանը, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, Երվանդ Քոչարի տուն-թանգարանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Ալեքսանդր Սպենդարյանի տուն-թանգարանը և շատ ուրիշներ, որ չհասցրի այցելել թանգարանների գիշերվա ընթացքում, չեն զիջում իրենց բացառիկությամբ ու գեղեցկությամբ: Սիրում եմ այցելել թանգարաններ տարվա ցանկացած օր, քանի որ դրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի պատմելու՝ իրերի, մարդկանց, արվեստի ու պատմության մասին: