«Երազում էի դերասան դառնալ, փոխարենը անիվներից քանդակներ եմ ստեղծում»:
Աղվանի մանկության երազանքն էր դերասան դառնալ, բայց այդպես էլ իրականություն չդարձավ: Դպրոցը չավարտած` նա ստիպված էր աշխատել ընտանիքին օգնելու համար: Նրա առաջին աշխատանքը հացատանն էր, աշխատում էր որպես հացթուխ: Երբ լրացավ տասնութը, զինակոչվեց բանակ: Զորացրվելուց հետո սկսեց նոր աշխատանք փնտրել: Սովորեց մեքենաների անիվներ փոխել, նորոգել, հենց դա էլ դարձավ Աղվանի նոր աշխատանքը:
«Ծանր աշխատանք է, բայց պետք է աշխատեմ, որ ապրեմ: Վերջին ութ տարիները գլորվել են աննկատ, բոլոր օրերը իրար նման են: Արթնանում եմ առավոտյան յոթին, գալիս գործի, խմում սուրճս հարևանի հետ, մինչև հաճախորդներ կսկսեն գալ: Մինչև երեկոյան ինը գործ եմ անում, հաճախորդները գալիս-գնում են, արանքներում էլ հեռուստացույց եմ նայում: Հասնելով տուն` քնում եմ հոգնած, իսկ առավոտյան օրը սկսում է նորից»:
Աղվանը հպարտ է, որ կարողանում է օգնել իր ընտանիքին և իր կյանքում ամեն ինչ ինքնուրույն է ստեղծել: Կողքից նայողների համար շատ ձանձրալի կթվա նրա կյանքը, բայց մի քանի տարի առաջ մի հետաքրքիր դեպք պատահեց, որից հետո Աղվանը սկսեց շատ սիրել իր աշխատանքը:
«Ես ստեղծում եմ յուրահատուկ արվեստ իմ աշխատանքի միջոցով»:
Աղվանը սկսեց մտածել` ինչպես օգտագործել անիվների թափոնները, որ դրանք լինեն և՜ օգտակար և՜ հետաքրքիր: Նա սկսեց ամենապարզ բանից՝ ծաղկամաններ հավաքելուց: Ապա ներկեց դրանք տարբեր գույներով ու դասավորեց իր աշխատատեղի շրջակայքում:
«Հետո անցնող-գնացողները սկսեցին ինձ պատմել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մոտ գտնվող առյուծի քանդակի մասին` ամբողջությամբ ստեղծված հին անիվներից: Այնքան ասացին, որ վեր կացա, գնացի` տեսնեմ այդ քանդակը: Շատ տպավորիչ էր, մի քիչ հետաքրքրվելուց հետո էլ պարզեցի, որ քանդակի ներսում մետաղյա կմախք կա, որի վրա էլ հավաքված է առյուծը: Ու այստեղ ինքս ինձ մտածեցի, միթե՞ այն չի կարող ամողջությամբ հավաքված լինել անիվներից»:
Հաջորդ առավոտ Աղվանը սկսեց աշխատել իր անիվե առյուծի վրա` որպես կերպար վերցնելով Սիմբային` «Առյուծ արքա» մուլտֆիլմից: Օգտագործելով միայն դանակ, սոսինձ և ներկ` մեկ օրում պատրաստեց առյուծի պոչը, մեջքը, ոտքերը: Սակայն ամսից ավելի պահանջվեց` առյուծի գլուխը պատրաստելու համար:
«Հենց ավարտեցի քանդակս, շատ երջանիկ էի ինձ զգում: Շատ մարդկանց ապացուցեցի, որ միայն անիվները բավարար են` հիասքանչ քանդակ ստեղծելու համար»:
Ստեղծարար գործունեությունը ոգեշնչեց Աղվանին առաջ շարժվել և նոր քանդակներ ստեղծել: Սովորեց ավելի արագ ստեղծել կերպարներ, որոնք գնալով կատարելագործվում էին: Ընդամենը երեք օրում նա կարողանում էր նոր քանդակ հավաքել:
«Ներշնչանքս գալիս է երեխաներից: Նրանք անցնում են, տեսնում քանդակները, ուրախանում, նոր կերպարներ պահանջում: Հաջորդ անգամ նրանց անցնելիս քանդակներն արդեն շարված են լինում: 70-ից ավել տարբեր կերպարներ եմ ստեղծել ու 5 տարբեր մանկապարտեզների նվիրել»:
Մարդիկ միշտ զարմանում են` տեսնելով Աղվանի աշխատանքը: Միշտ կանգ են առնում, երկար նայում, հարցեր տալիս և հեռանում ժպտալով:
«Ես հավատում եմ, որ մի փոքր ուրախություն եմ բերում մարդկանց»:
«Բոլորը պետք է նպատակ ունենան իրենց կյանքում և ծանր աշխատանքի միջոցով ձգտեն առավելագույնին: Ինքնավստահությունն ավելի կարևոր է, քան հնարավորությունները կամ կրթությունը: Պետք է դրական տրամադրվել ամեն ինչի նկատմամբ: Եթե ինչ-որ բան կա, որ ցանկանում ես փորձել, պետք է միշտ առաջ գնաս, փորձես, փորձես, եթե նույնիսկ չստացվի, եթե նույնիսկ անհնար դառնա, պետք է երբեք չհանձնվես: Սա է կյանքի սկզբունքը»:
Հիմա Աղվանը նոր երազանք ունի: Երազում է օգնել կարիքավոր ընտանիքներին: Նա ցանկանում է դառնալ մեծ բարերար` օգնելու համար բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Աղվանը հիմա էլ է օգնում երեխաներին փողոցում, բայց փոքր չափով:
«Շատ եմ սիրում երեխաներին: Գոնե 5 երեխա պետք է ունենամ, 4 աղջիկ, մեկ տղա: Հուսամ` նրանք բարի ու նպատակասլաց կլինեն, ու լավ արվեսագետներ կդառնան: Հուսամ` կկարողանամ երեխաներիս ապահովել, որպեսզի յուրահատուկ, հմուտ մասնագետներ դառնան, որ նրանց աշխատանքն աշխարհին մի լավ բան տա»: